Գարեգին Բ-ն և Կիրիլ Ա Պատրիարքն անդրադարձել են հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին
- Oct 12, 2021
- 2 min read

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:
Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձավ երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսեց երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:
Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:
«Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը», - ընդգծեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:
Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին՝ Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունը հայտնեց Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար: Նորին Սրբությունը նաև հավելեց. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Կիրիլ Պատրիարքին՝ ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։
Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում՝ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշեց. «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով:
Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:
Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Comentários