Հրաչյա Հակոբյանը էդքա՞ն կա, որ այդ միջադեպի պատճառով դուրս գամ քաղաքականությունից․ Գևորգ Պետրոսյան
- May 19, 2021
- 3 min read

Այսօր ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը։ MediaHub.am-ը զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է որոշել հեռանալ քաղաքականությունից։
- Պարո՛ն Պետրոսյան, կարծում եք, որ ձեզ սպառե՞լ եք քաղաքականության մեջ։ Լինելով ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Դուք խորհրդարանում մշտապես բարձրացրել եք կարևոր խնդիրներ։ Արդյո՞ք արտախորհրդարանական ընդդիմություն ձեզ հռչակելով՝ կկարողանաք արդյունավետ գործել։
- Ես պատահական չեմ ավարտել միտքս, որ քաղաքականությունից հեռանում եմ, բայց կարծիք արտահայտելու իմ սահմանադրական իրավունքը պահպանելու եմ, իսկ այս պահին որպես ընդդիմադիր պետական պաշտոնյա՝ միայնակ եմ մնացել, որովհետև երբ տեսնում եմ, որ երկրի համար օրհասական այս պահին ինչով են զբաղված քաղաքական ուժերը, երբ սահմանը հատած ադրբեջանցին հայ է ծեծում, իսկ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկ չի արձագանքում՝ ցուցակներով են զբաղված, ինձ համար անընդունելի է։ Այսինքն՝ կարծում եմ, որ ինքնանպատակ պայքար եմ մղում։ Մի մարդը անզոր է մի ամբողջ պետական մեքենայի դեմ՝ իշխանության դեմ պայքարես, ընդդիմության անգործության դեմ պայքարես։ Մինչև Ազգային Ժողովի լիազորությունների ավարտը կշարունակեմ իմ գործունեությունը, որովհետև ժողովուրդը վստահության քվե է տվել։ Դրանից հետո ես անցնելու եմ իմ գիտամանկավարժական աշխատանքին և նաև փաստաբանական գործունեությանը։
- Խոսքը նաև Ձեր նախկին թիմակիցների՞ն՝ ԲՀԿ-ական պատգամավորներին է վերաբերում։
- Այո՛, բոլորին է ուղղված․ երբ որ ես նախագիծ եմ ներկայացնում, միջնորդություն Ազգային ժողովի մանդատակիր, թիվ վերջին աներձագ Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին, որովհետև նա ասել էր ու առանց ամոթի զգացում ունենալու վերահաստատել էր, որ այո՛ պետք է Սյունիքի համայնքապետերին ստորացնելով բերման ենթարկել, եթե նման միջնորդությունը արհամարվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից, իսկ այդ խմբակցություններից մեկի մի ներկայացուցիչ էլ, ըստ ասեկոսեների, ասում է, որ սրանով Պետրոսյան Գևորգը մեզ փուռն ա տալիս, այսինքն՝ մենք իրականում չունենք խորհրդարանական ընդդիմություն։ Կարևոր չէ, թե ով է նման բան ասել, կարևոր է, որ իմ դիմումը մնացել է անհետևանք, գոնե մի հատ գրավոր պատասխան կարելի էր տալ։ Ո՞նց կարելի է իրավական պետությունում Ազգային Ժողովի պատգամավորը, որը ընդունում է մարդու իրավունքների վերաբերյալ օրենքներ, կանգնի, ոչ միայն ընդունի, ասի, այլ նաև վերահաստատի, որ այո՛, պետք է ստորացնելով բերման ենթարկել Սյունիքի համայնքապետերին։ Ու ընդդիմությունը որևէ արձագանք չտա։ Ես նման ընդդիմության հետ համագործակցելու ոչ մի եզր չեմ տեսնում և հասկանում եմ իմ բնավորության պատճառով մնացել եմ միայնակ՝ որպես պետական պաշտոնյա։ Ես նկատի ունեմ միայն խորհրդարանական ընդդիմությանը։
- Ստացվում է, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարության հետքերով Ձեր նշած միջադե՞պն է Ձեզ վրդովվեցրել։
- Հրաչյա Հակոբյանը էդքան կա՞, որ իր հետ կապված միջադեպի պատճառով ես դուրս գամ քաղաքականությունից, պարզապես երևույթն է խնդիրը։ Եթե ընդդիմություն են, ոչ թե ձևական, ուրեմն պետք է պատշաճ արձագանք դրսևորեն նման երևույթների նկատմամբ։
- ԲՀԿ-ից դուրս գալուց հետո հայտարարեցիք, որ եթե առաջարկ ստանաք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, կընդունեք այդ առաջարկը։ Նման առաջարկ ստացե՞լ եք, թե՞ վերջինս ևս արդեն Ձեզ համար ֆավորիտ չէ։
- Ես հանդիպել եմ երկրորդ նախագահի հետ, բայց նման առևտրի ես չեմ գնացել՝ հանդիպեմ, որ անպայման ցուցակ մտնեմ։ Ես արտահայտել եմ իմ աջակցությունը, հայտնել եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինել, և ես այսօր էլ չեմ հրաժարվում իմ այդ պատրաստակամությունից, բայց ես նշել եմ, որ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվելու, այսինքն՝ ինձ համար որևէ ցուցակ մտնել, որևէ քաղաքական ուժի կազմում լինելն անհետաքրքիր զբաղմունք է։
- Ստացվում է, որ սատարելու եք Ռոբերտ Քոչարյանի՞ն։
- Այո՛, որովհետև ես գտնում եմ, որ ինքն է այն մարդը, որն ի վիճակի է երկրին օգուտ տալ, երկիը այս վիճակից դուրս բերել։
- Խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ուժերի կողմից առաջարկներ ստացե՞լ եք կամ ստանալու դեպքում ինչպե՞ս կվարվեք։
- Ստացել եմ, բայց մերժել եմ, իսկ ստանալու դեպքում էլ բնականաբար մերժելու եմ, որովհետև ես արդեն այսպիսի հայտարարություն եմ արել։ Ես ոչ թե հոգնել եմ պայքարելուց, ես հոգնել եմ անիմաստ պայքարելուց։ Այնպես չէ, որ ես փողոցում վխտացող թափառական եմ եղել, ինձ հրավիրել են պատգամավոր, հիմա չեմ ուզում մանրամասներ հրապարակել, բայց ես մինչև պատգամավոր լինելը շատ բարձր վարձատրությամբ շատ ավելի հանգիստ կյանք եմ ունեցել, իսկ այսօր ես եկել-մտել եմ քաղաքականության մեջ՝ իմ անձնական բարեկեցության հաշվին ու այդ պայքարի մեջ մենակ եմ մնացել։ Իմ հիասթափության առիթը դա է։
Aa
Komentáre