Ինձ համար առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ ընտրվելը․ Արթուր Ղազինյան
- Sep 22, 2021
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Ղազինյանը եկել էր կառուցողական քննարկման և ուզում էր, որ անդրադառնային ՀՀ սահմանային անվտանգության հարցին։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում նա այդ կերպ մեկնաբանեց իր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստերի սենյակը լքելը։
Ղազինյանը նշեց, որ ընդդիմությունն առաջարկել էր այսօր հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել նաև Սյունիքի սահմանին տեղի ունեցող իրավիճակին վերաբերող հարցը, սակայն ՔՊ-ականները մերժել են այդ առաջարկը։
«Դրանից հետո այլևս իմաստ չկար, որ ես մնայի այդ նիստերի սենյակում»,- ասաց նա։
Ըստ Ղազինյանի՝ այս պահին հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ չէ։
«Իշխանությունը ձախողում է սահմանային անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերի քննարկումները»,- նկատեց նա։
Պատգամավորը նաև անդրադարձավ իր՝ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելուն, և ասաց, որ առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ ընտրվելը, բայց դա ընդդիմության գործառույթն է, որը դրված է իր վրա։
«Ես այսօր ցույց տվեցի, որ նախագահի տեղակալի կարգավիճակն իշխանության թեթև ձեռքով դարձավ ամենաքննարկված հարցերից մեկը։ Նրանք կարող էին ուղղակի հարգել ընդդիմության որոշումը և թույլ տալ, որ հանձնաժողովն անցնի իր բնականոն աշխատանքին»,- նշեց նա։
Ղազինյանը նաև ասաց, որ Անդրանիկ Քոչարյանին պետք է զգուշացնել, որ նա հայկական տեղանունների մասին խոսելիս միայն Սահմանադրությամբ հաստատված անունները նշի։ Որպես օրինակ պատգամավորը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանը Զանգեզուր բառն է օգտագործում Սյունիքի փոխարեն։
Commentaires