Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց
- Aug 18, 2021
- 1 min read

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նա տեղեկացրեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
«Խոսք չկա, միանշանակ բողոքարկելու ենք այդ որոշումը, եթե իհարկե, Վերաքննիչ դատարանի համակարգիչն աշխատի, և ձեռքով մակագրման խնդիր չառաջանա»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։
Comments