ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց. ՀԱԿ
- Jun 25, 2021
- 1 min read

ՀԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
«Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների, իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։
Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։
Լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։
Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»։
Comments