top of page

Վարկային կեղծ ծառայություններ. ՔԿ-ն հանցավոր խմբի հինգ անդամի մեղադրանք է առաջադրել

  • Jul 1, 2021
  • 2 min read

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ:


Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:


Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:


Այնուհետև, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը, նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:


Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս:


Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ՝ ստացել որոշակի գումարներ:


Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար:


Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է

. վարկ ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիները դիմեն բացառապես բանկերին կամ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին և զերծ մնան համացանցում վարկեր տրամադրելու առաջարկով հանդես եկող օգտատերերից:

. որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս համացանցում, չտրամադրեն որևէ մեկի:


Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page