Կես մլրդ դրամ՝ նոր ԶԼՄ-ին․ տնտեսագետը հաշվել է՝ քանի զոհվածի ընտանիք դրա փոխարեն նպաստ կստանար
- May 31, 2021
- 1 min read

Ապրիլի 15-ի կառավարության 570-Ն որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հանրային հեռարձակողի խորհրդին 427.7 միլիոն դրամ է հատկացվել։ Որոշման մեջ նշված է, որ նպատակը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է: Գործադիրի սույն որոշումն ընդունվել է «թաքուն»՝ չզեկուցվող որոշման նախագծով։
Հետպատերազմյան երկրում արդյո՞ք ճիշտ է գրեթե կես միլիարդ դրամ հատկացնել նոր հեռուսաալիքի ստեղծմանը․ MediaHub.am-ի հարցին պատասխանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Պահուստային ֆոնդի գումարները ծախսվում են արտակարգ դեպքերում, երբ հանրությանը հուզող հրատապ լուծելիք խնդիր կա։ Վստահ եմ, որ հասարակությունը դրա կարիքը չունի, և այդ գումարը կարող էր ծախսվել այլ նպատակների համար։ Իսկ այս իշխանություններն իրենց քաղաքական նպատակների համար են ծախսում պահուստային ֆոնդի գումարները։ Դա արվում է իշխանությունների քաղաքական ամբիցիաները բավարարելու համար»,- կարծիք հայտնեց նա։
Մեր հարցին, թե այդ գումարով ինչ հրատապ խնդիր հնարավոր կլիներ լուծել, Սուրեն Պարսյանը պատասխանեց․ «Այդ գումարը կբավականացներ պատերազմում զոհված 5000 քաղաքացիների ընտանիքներին 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու համար, կամ թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու համար։ Հայաստանում ապրող բոլոր թոշակառուների կենսաթոշակները 1000 դրամով ավելացնելու համար պետք է 3 միլիարդ դրամ»,- ներկայացրեց տնտեսագետը՝ մանրամասնելով, որ այս իշխանություններն ավելի նպատակահարմար են գտել պետբյուջեի գումարներով իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելը։
Comentarios