top of page

ՀԱՊԿ-ն չի ներքաշվելու թուրք-ադրբեջանական ուժերի դեմ պատերազմի մեջ. վերլուծական

  • May 15, 2021
  • 2 min read



Հայաստանի սահմանների երկայնքով իրավիճակը շարունակում է մնալ լարված, ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել այն տարածքներում (Գեղարքունիք, Սյունիք), որտեղ նրանք օրերս ներթափանցել էին:

Հայաստանի իշխանություններն ելնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից՝ դիմել են ՀԱՊԿ-ին կազմակերպության 2-րդ հոդվածի դրույթների վրա հենվելով:


Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Այսօր ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:


2-րդ հոդվածի համաձայն, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:


Հետաքրքրական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել հենց 2-րդ հոդվածի վրա շեշտադրում անելով, այլ ոչ թե 4-րդ հոդվածի:


Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա նույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:


Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:


Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ին էր դիմում 4-րդ հոդվածով՝ դա կնշանակում է ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմի հնարավոր մեկնարկ, քանի որ ռազմական աջակցությունը կարող է ենթադրել նաև կազմակերպության անդամ-պետությունների զորքերի տեղափոխում Հայաստանի տարածք: ՀԱՊԿ-ն չէր ցանկանա ներքաշվել ուղիղ ռազմական բախման մեջ Ադրբեջանի հետ, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ մի շարք երկրներ թյուրքախոս են՝ Ղազախստան, Ղրղզստան: Նրանք ունեն սերտ քաղաքական, տնտեսական, ռազմավարական կապեր Ադրբեջանի հետ:


Բացի այդ, եթե ՀԱՊԿ-ն 4-րդ հոդվածի վրա հենվելով զորք էր ուղարկում Հայաստան՝ իր հերթին Ադրբեջանը ռազմական աջակցություն կստանար Թուրքիայից՝ այդ թվում զորքերի տեսքով, իսկ դա հանգեցնելու էր Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-ՆԱՏՕ բախման: Թուրքիան և Ադրբեջանն ունեն փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագիր:


Ելնելով վերոնշյալից, Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել հենց 2-րդ հոդվածի շրջանակներում՝ չցանկանալով Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի հրահրում:


Վերլուծությունը՝ Վարդան Վարդանյանի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page