Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» ավիաընկերություն
- Jul 14, 2021
- 1 min read

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար», - ասաց Տիգրան Ավինյանը:
Հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը և «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ ստորագրված համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում:
Ըստ նրա՝ որպես բյուջետային «լոու քոսթ» ավիաընկերություն՝ նոր ազգային ավիափոխադրողը նպաստելու զբոսաշրջության աճին և խթանելու է հարակից ոլորտների զարգացմանը: Իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր ընկերության և աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկի՝ «Էյր Արաբիայի» հետ համագործակցությունը ծրագրին առավել մեծ գրավչություն է տալիս:
Yorumlar