Արդարության և մարդու իրավունքների կենտրոնն ԱՄՆ-ից և Եվրոպայից պահանջում է օժանդակել հայ գերիներին
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և եվրոպական գործընկերներից պահանջում է անհապաղ գործողություններով օժանդակել հայ գերիներին
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ղեկավարություններից պահանջում է անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի կատարեն Ժնևյան կոնվենցիայի պահանջները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը նշում է․ «1949թ․ Ժնևի կոնվենցիաներն ուժեղացնելու, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքներն ամրապնդելու փոխարեն, ամերիկյան և եվրոպական իշխանությունների վերջին հայտարարություններն Ադրբեջանին թույլ են տալիս շարունակել ձերբակալված պահել հայ ռազմագերիներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների ժամանակ առևանգել զինվորների, ինչպես նաև կազմակերպել շինծու դատավարություններ կեղծ հայտարարությունների ու ապացույցների հիման վրա: Այդպիսի վարքի գովաբանումը, որն աշխարհի ամենատխրահռչակ բռնապետերից մեկին թույլ է տալիս օգտագործել մարդկային կյանքը՝ որպես սակարկության առարկա, և ոտնահարել միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ իր պարտականությունները, խորապես մտահոգիչ է և զայրացնող։ Միջազգային հանրությունն իր գործողություններով խրախուսում է Ադրբեջանի՝ շարունակվող շանտաժը»։
Comments