Ապաստարանների հարցը՝ օդում. ինչ է արել Հայկ Մարությանի գլխավորած կառույցը մեկ տարի անց. «Ժողովուրդ»
- Oct 15, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երևւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարեւանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երեւանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, ռմբապաստարանների մասին խոսակցությունները երկրորդ պլան մղվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակելի շենքերի նկուղներից քանիսն են ապաստարանի վերածվել: Քաղաքապետարանը, սակայն, որեւէ հստակ թիվ ու կոնկերտ պատասխան չի տվել՝ չմանրամասնելով նաև, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել այդ կարեւորագույն խնդրի ուղղությամբ:
«Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման, շահագործման ու վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը հետեւողականորեն իրականացնում է ապաստարանների եւ պարզագույն թաքստոցների պահպանմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետարանը չի կարող տրամադրել առավել տեղեկատվություն, քանի որ դրանում առկա են գաղտնիության տարրեր»,- ասված է քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանի մեջ»:
コメント