ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի
- Jun 15, 2021
- 1 min read

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ խստորեն դատապարտել է հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն Շուշի քաղաք՝ այցելությունը համարելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։
Comments