Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում ապօրինի ռազմական գործողությունները. ՀՀ ԱԳՆ
- May 25, 2021
- 1 min read

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մահվան դեպքի առթիվ՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
«Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը՝ դա համարելով միջազգային իրավունքի նորմերի խախտում է:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
Comments