ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Վանեցյանը․ «Հրապարակ»
- May 8, 2021
- 4 min read

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռեւս քննարկվել է միայն ցուցակի առաջին համարի հարցը։
«Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, եւ տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների ձեւավորման, դրանց ընտրության, նշանակման ուղղությամբ»,- ասաց Վանեցյանը։
- Պարոն Վանեցյան, ինչո՞ւ հենց ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ դաշինք չկազմեցիք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Վահե Հակոբյանի կուսակցության հետ, տարաձայնություննե՞ր կան նրանց հետ։
- Նույնկերպ կարող եմ ես պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ։
- Երկուսն էլ նախկին են, մեծ հաշվով՝ տարբերություն չկա։
- Գիտե՞ք, նախկին-ներկա, սեւ-սպիտակ՝ այդ բաժանումները բերեցին մեր երկիրն այս աղետալի վիճակին։
- Բայց Դուք էլ էիք մտել այս դիսկուրսի մեջ եւ ասում էիք՝ նախկինին վերադարձ չի լինելու։
- Ես էդ դիսկուրսի մեջ չեմ մտել, եթե կհիշեք, կառավարության նիստից հետո ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ որ էլի լրագրողները մտել էին էդ դիսկուրսի մեջ եւ բաժանել էին հստակ՝ նախկինները վատն են, ներկաները լավն են, ես բառացիորեն ասացի՝ ինչո՞ւ եք ընկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետեւից, արդյոք ինքը միայն վա՞տ բաներ է արել, ձեր պատկերացմամբ, նա լավ բաներ չի՞ արել։ Նա շատ լավ բաներ է արել, իմ կարծիքով, եւ առաջարկեցի գիծ քաշել ու շարժվել առաջ՝ դեպի ապագա։
- Բայց Դուք ճեպազրույցների ժամանակ նաեւ խոսում էիք Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների, թալանի, 4 միլիարդի եւ մնացածի մասին, որոնք այդպես էլ չապացուցվեցին, նաեւ՝ Մարտի 1-ի գործի մասին։
- Ես 4 միլիարդի մասին երբեք չեմ խոսել, խնդրում եմ՝ բացեք իմ հարցազրույցներն ու ամբողջն ասեք, ես խոսել եմ «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված գործի մասին, որից հետո անմիջապես հենց Ձեզ, պարոն Մակարյան, հերքում եմ տվել եւ ասել եմ, որ իմ մտքերը սխալ են ձեւակերպել։ Իսկ Մարտի 1-ի գործը ԱԱԾ-ն չի քննել, քննել է Հատուկ քննչական ծառայությունը։
- Բայց հիմա հաճախ են Ձեզ հիշեցնում, որ Դուք նախկիններին մեղադրում էիք ինչ-ինչ հանցանքների մեջ, այսօր համագործակցում եք նրանց հետ։ Կարո՞ղ եք ասել, որ գուցե սխալվել եք այդ ժամանակ։
- Ես երբեք չեմ զլանա ընդունել իմ սխալը։ Եթե ես սխալվել եմ, կասեմ՝ ներողություն, ու եթե սխալվել եմ ինչ-որ մի հարցով, հիմա էլ հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Բայց այն, ինչ որ ասել եմ, շարունակում է մնալ օրակարգում։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, իրականացրել եմ գործեր, որոնք չեն շեղվել օրենքից։
- Ձեր խիղճը հանգի՞ստ է այդ առումով։
- Իմ խիղճն այնքանով է հանգիստ, որ ես այսօր շարունակում եմ բաց ճակատով քայլել Երեւանի փողոցներում, հանդիպել այն մարդկանց հետ, որոնց նկատմամբ իմ պաշտոնավարման ընթացքում հարուցվել են քրեական գործեր, շատ-շատերի նկատմամբ այդ քրգործերը հաստատվել են, նրանք շատ մեծ գումարներ են վերադարձրել պետական բյուջե, բայց այդ մարդկանց հետ ես շարունակում եմ շփվել, ու իմ խիղճը շատ հանգիստ է։ Իմ՝ իշխանության գալու դեպքում, իսկ ես համոզված եմ, որ դա շատ շուտով լինելու է, բոլոր այն մարդիկ, լինեն նախկին, ներկա, էդ բաժանումները չպետք է լինեն։ Լինեն իմ հարազատները, բարեկամները, ընկերները՝ ովքեր կխախտեն օրենքը, անպայման ենթարկվելու են պատասխանատվության։ Մեր երկրում պետք է լինի կարգուկանոն, եւ բաժանումները պետք է բացառենք։
- Երբ ասում եք՝ «իմ՝ իշխանության գալու դեպքում», դրանից կարո՞ղ ենք հասկանալ, որ ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Դուք եք լինելու։
- Դրա մասին ոչ կոռեկտ կլինի, եթե ես հիմա պատասխանեմ, եկեք սպասենք, թող թիմը դրա պատասխանը տա։
- Պարոն Վանեցյան, վստա՞հ եք, որ դուք եւ ՀՀԿ-ն կօգնեք իրար, այլ ոչ թե կխանգարեք, քանզի, ասում են՝ տարաձայնություններ կային երկու թիմում էլ, ՀՀԿ-ում կարծում էին, թե դուք իրենց վարկանիշին կվնասեք, ձեր թիմում էլ կարծում էին՝ ՀՀԿ-ն ձեզ կխանգարի։
- Չկա նման բան, ես համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցության եւ ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալը հանգեցնելու է շատ լուրջ եւ դրական արդյունքների։
- Ի՞նչ համամասնությամբ եք ներկայացված լինելու ցուցակում, եւ Սերժ Սարգսյանը կլինի՞ ցուցակում, թե՞ ոչ։
- Ցուցակի հարց, էլի եմ ասում, չի քննարկվել, բայց Սերժ Սարգսյանը, կարծում եմ, չի լինի, նախագահ Սարգսյանն այդ մասին հայտարարել է։
- Կարծում եք՝ ձեր ընտրած կարգախոսը՝ «Պատիվ ունեմ», լավագո՞ւյն տարբերակն է։
- Այո, կարծում եմ՝ լավագույն տարբերակն է, որովհետեւ մեր երկրում արդեն ոչ թե սովորական ընտրական պայքար է, ոչ թե սովորական քաղաքական միջոցառում է, այլ պատվի հարց է, եւ բոլոր պատվախնդիր մարդիկ պետք է կանգնեն կողք-կողքի, որպեսզի ազատվենք այս չարաբաստիկ իշխանություններից։
- Եթե Ձեր նշած «չարաբաստիկ իշխանությունները» հունիսի 21-ին՝ ձայների մեծամասնությամբ ու արդար ընտրությունների արդյունքում, նորից իշխանություն լինեն, դուք էլ անցնեք խորհրդարան՝ որոշ տոկոսով, կաշխատե՞ք նրա օրոք՝ որպես ընդդիմություն։
- Դա կլինի մեր երկրի կործանման վերջակետը։ Շատ ցավով եմ դա ասում։
- Ի՞նչ եք անելու, որ չկործանվի երկիրը։
- Անելու ենք ամեն ինչ, զրուցելու ենք մեր հայրենակիցների հետ, բացատրելու ենք, որ էս իշխանությունները չարիք են, եւ հորդորելու ենք, որ ընտրեն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։
- Իսկ եթե չեն հորդորվում եւ ընտրում են նորից այս իշխանությա՞նը։
- Եկեք ենթադրություններով չխոսենք, օրը կգա՝ կհասկանանք։
- Երաշխիք տալի՞ս եք, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի լինի իշխանության։
- Ես չեմ կարող երաշխիք տալ, ես կարող եմ երաշխավորել, որ ես ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին այլեւս երբեք չլինի ՀՀ ղեկին։
- Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեք նախագահներով միավորվելու կոչին ինչպե՞ս կարձագանքեք։
- Նախագահների դիսկուրսին խառնվելն անշնորհակալ գործ է, նախագահները թող իրար հետ որոշեն։
- Իսկ կարո՞ղ եք սկզբունքային մոտեցում ցուցաբերել բոլոր ուժերով, կամ ունե՞ք պայմանավորվածություն, որ դուք եւ Քոչարյանի դաշինքն իրար չեք խանգարի, իրար դեմ չեք աշխատի։
- Ես իմ թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ միանշանակ ասում եմ՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, բայց եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն-«Վերածնվող Հայաստան» դաշինքին
Comments