Նախագահ Արմեն Սարգսյանը 6 դիմում է ներկայացրել ՍԴ. ակտիվ են նաև ՄԻՊ–ը, դատարանները
- Sep 1, 2021
- 1 min read

2021թ. ընթացքում Սահմանադրական դատարանը 16 դիմում է ստացել ՀՀ կառավարությունից, 6 դիմում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, 7 դիմում Վերաքննիչ դատարաններից, 3–ական դիմումներ Վարչական և Վճռաբեկ դատարաններից, Տեղական ինքնակառավարման մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից և 1 դիմում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից։
Այդ մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից ստացված վիճակագրական տվյալները։
Փոխարենը բարձր դատարանը վերջին 8 ամսում որևէ դիմում չի ստացել ՍԴ–ին դիմելու լիազորություն ունեցող Ազգային ժողովից, Ազգային ժողովի խմբակցություններից, Բարձրագույն դատական խորհրդից։
Նկատենք, որ կառավարության ներկայացրած դիմումները մեծամասամբ կրում են ընթացակարգային բնույթ և առնչվում են ՀՀ կառավարության հետ կնքված համաձայնագրերի, միջազգային պայմանագրերի Սահմանադրությանը համապատասխանության հարցին։
Օրենքով սահմանված կարգով՝ Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրական դատարանին դիմում են իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, իսկ պատգամավորները` Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով։ Դատարանները բարձր դատարանին դիմում են իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով, գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում, Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։
Իսկ առհասարակ, Սահմանադրական դատարանին կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման։
Kommentare