ՀՀ փոխվարչապետը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը
- Sep 17, 2021
- 1 min read

Սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը կանգ է առել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը։
Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Փոխվարչապետը նշել է. «Կատարված աշխատանքները հավանեցի: Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները»:
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզ, որտեղ վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվում էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով:
Պապիկյանն աշխատանքային այցը եզրափակվել է Գյումրու «Մուշ» թաղամասում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այստեղ շուրջ 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում՝ հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48 մլն ՀՀ դրամ:
Comments