ՀՌՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է արել ապահովել հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար
- May 31, 2021
- 1 min read

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին կոչ անելով անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչությանգնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։
Հանձնաժողովը դիմել է նաև ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը:
Ստորև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հայտարարությունը.
«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է տեսալսողական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին, հորդորելով, որ այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում նրանց գործունեությունը ստեղծի ոչ թե նոր բաժանարար գծեր ու դառնա տարբեր քաղաքական ուժերի ու ֆինանսական խմբերի կցորդ, այլ նպաստի հանրային և քաղաքացիական համերաշխությանը:
Հանձնաժողովը կոչ է անում իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը նաև ակնկալում է, որ հեռարձակողները կառաջնորդվեն լրագրողական մասնագիտական վարքականոնների ստանդարտներով, որոնց թվում են ստացված ինֆորմացիայի ստուգումը, անաչառությունը, հանրային շահերին ծառայելը:
Հաշվի առնելով այդ իրողությունները, հանձնաժողովը կոչ է անում նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծությունը, օրենսդրությամբ սահմանված պատասխանի ու հերքման հնարավորությունը:
Հանձնաժողովը օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները, կարգավորման գործիքակազմը քարոզարշավի ընթացքում ու ընտրություներից հետո հեռարձակող ընկերությունների աշխատանքը վերահսկելու ու կարգավորելու համար»։
Comments