top of page

Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս դաշինքը զսպում է Թուրքիայի էքսպանսիոնիզմը

  • Oct 21, 2021
  • 2 min read

Հունաստանը, Կիպրոսն ու Եգիպտոսը հուշագիր են ստորագրել՝ էներգետիկ համակարգերի միավորման հետ կապված: Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռյակը միավորում է ուժերը՝ Միջերկրական ծովում Թուրքիայի աճող ազդեցությունն ու նկրտումները զսպելու համար: Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ, գազի որոնման աշխատանքներ է իրականացնում, ինչն առաջացնում է Կիպրոսի և Հունաստանի սուր արձագանքը: Թուրքիան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում, ամրապնդում է իր դիրքերը․ միջամտել է լիբիական քաղաքացիական պատերազմին: Եգիպտոսի և Թուրքիայի շահերը Լիբիայում բախվում են, քանի որ Անկարան և Կահիրեն աջակցում են տարբեր խմբավորումների: 80 միլիոնանոց Եգիպտոսը ցանկանում է ամրապնդել իր գեոպոլիտիկ դիրքերը մահմեդական՝ սուննիական, արաբական աշխարհում, իսկ Թուրքիայի պանթուրքական, պանիսլամական, նեոօսմանական քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում հարվածում է եգիպտական շահերին: Ինչ վերաբերում է Հունաստան-Կիպրոս դաշինքին, ապա Անկարայի քաղաքականությունը Հյուսիսային Կիպրոսում և թուրք-հունական լարված հարաբերությունները դրդում են Հունաստանին և Կիպրոսին ամրապնդել իրենց կապերը Եգիպտոսի հետ, որը գեոպոլիտիկ բախվող շահեր ունի Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիան Եգիպտոսում աջակցում էր «Մուսուլման եղբայրներին», որոնց իշխանության տապալումից հետո թուրք-եգիպտական հարաբերությունները կտրուկ սրվեցին: Նշենք, որ Թուրքիան Միջերկրական ծովը համարում է իր կենսական շահերի տարածք՝ հենվելով Հյուսիսային Կիպրոսի և այնտեղ տեղակայված թուրքական զորքերի, իր ռազմածովային ուժերի վրա: Դեռևս 2006թ. թուրք ծովակալ Ջեմ Գյուրդենիզը մշակել է «Կապույտ հայրենիք»( Mavi Vatan) ծովային ռազմավարությունը, որի հիմքում ընկած է Միջերկրական, Սև և Էգեյան ծովերում թուրքական դիրքերի ամրապնդման գաղափարը: Թուրքիայի և Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս եռյակի հակամարտության համատեքստում Հայաստանը կարող է աջակցել Եգիպտոսին և հունական դաշինքին՝ հակաթուրքական ընդհանուր կոալիցիա ստեղծելու, Թուրքիային տարբեր ճակատներում զսպելու տրամաբանությունից ելնելով: Նշենք, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ գործակցության հեռանկարները: Հայաստան-Հունաստան-Կիպրոս կապերը պետք է խորացնել բոլոր ոլորտներում՝ ռազմաքաղաքական, տնտեսական, իսկ հայ-եգիպտական կապերը պատմականորեն եղել են բարեկամական, Եգիպտոսում հայ համայնքի ներկայությունն էլ կապող օղակ է երկկողմ հարաբերություններում: Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում, Սև ծովում և Կովկասում դրդում է բազմաթիվ երկրներին դաշինքներ ձևավորել՝ Անկարային զսպելու համար: Հայաստանը պետք է միանա հակաթուրքական բոլոր դաշինքներին և հարթակներին՝ արտաքին քաղաքական ճակատում նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով: Արտյոմ Բալասանով


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page