Թեհրանը շարունակում է ամրապնդել «շիական առանցքը»՝ Իրան-Իրաք-Սիրիա ուղղությամբ․ վերլուծական
- Jul 3, 2021
- 1 min read

Իրանը ներդրողներ է փնտրում իր նավահանգիստները իրաքյան Բասրայի միջոցով Սիրիայի նավահանգիստների հետ միացնելու համար:
Մինչ այդ, Իրանն ու Սիրիան պայմանավորվել են միացնել Իրանի Բենդեր-Խոմեյնի նավահանգիստը սիրիական Լաթաքիա նավահանգստի հետ երկաթգծային կապով, որն անցնելու է Իրաքով:
Թեհրանը շարունակում է ամրապնդել «շիական առանցքը» կամ «շիական կիսալուսինը»` Իրան-Իրաք-Սիրիա ուղղությամբ: Իրանի համար Սիրիան ելք է դեպի Միջերկրական ծով, ինչպես նաև ռազմաքաղաքական պլացդարմ Լևանտում՝ ընդդեմ Իսրայելի և Թուրքիայի: Իրանը ռազմական և տնտեսական ներկայությունից բացի ցանկանում է Սիրիայի հետ ունենալ նաև լոգիստիկ կապեր այս առումով ծովային և երկաթծգային կապերի ստեղծումն Իրան-Իրաք-Սիրիա ուղղությամբ ամրապնդելու են իրանական գեոպոլիտիկ դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում:
Սակայն Իրանի գեոպոլիտիկ մրցակիցները տարածաշրջանում՝ Ծոցի միապետությունները, Իսրայելն ու Արևմուտքը փորձելու են թույլ չտալ այս միջանցքի ստեղծումն՝ ոտքի հանելով Իրաքի սուննիական, արաբական տարբեր խմբավորումների ընդդեմ շիական, իրանամետ խմբավորումների՝ խաթարելով այդ միջանցքի անվտանգությունը:
Պատերազմի մեջ գտնվող Սիրիայի համար կարևոր է ունենալ անխափան կապ ռազմավարական դաշնակից Իրանի հետ՝ այդ թվում ռազմական բեռներ և տնտեսական օգնություն ստանալու համար:
Իրանը նոր գեոպոլիտիկ ճարտարապետության ջատագովն է Մերձավոր Արևելքում, որտեղ Իրանը, շիական աշխարհն ու իրանամետ խմբավորումները պետք է առանցքային դերակատարում ունենան: Այս համատեքստում, Իրան-Իրաք-Սիրիա միջանցքի ստեղծումն ունի կարևոր նշանակություն:
Այս միջանցքը կարող է շարունակվել մինչև Լիբանան, որտեղ ուժեղ են շիական Հզբոլահ շարժման դիրքերը: Իրանի գեոպոլիտիկ ազդեցության մեծացումը հանգեցնելու է նոր կոալիցիաների ձևավորմանն ընդդեմ Իրանի Իսրայել-Ծոցի միապետություններ, Թուրքիա-Ծոցի միապետություններ և անգամ Իսրայել-Թուրքիա ռազմաքաղաքական կապերի խորացում:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments