Իրանն ու Իսրայելը միմյանց ցանկանում են վերածել «պաշարված ամրոցների»․ վերլուծական
- Jun 21, 2021
- 1 min read

Իրաքի իրանամետ շիական զինված «Ալ-Նուջաբա» խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայում տեղակայված իրենց առանձին բրիգադը պատրաստ է սկսել Իսրայելի հսկողության տակ գտնվող Հոլանի բարձունքների գրավման օպերացիան:
Իրանը շարունակում է Իսրայելի շուրջ շիական, իրանամետ ուժերի կոալիցիայի ձևավորումն ու փորձում է Իսրայելը վերածել բոլոր կողմերից պաշարված ամրոցի: Իրանը Մերձավոր Արևելքում և Լևանտի հատվածում հենվում է լիբանանյան Հզբոլահ շարժման, Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորման, Իրաքի շիական խմբավորումների, Սիրիայում՝ կառավարական բանակի և այնտեղ գտնվող իրանամետ զինված խմբավորումների վրա:
Իրան-Իսրայել միջնորդավորված պատերազմը շարունակվելու է: Իրանը պաշտպանելու է իր գեոպոլիտիկ շահերը տարածաշրջանում ռազմաքաղաքական, տնտեսական և այլ գործիքակազմերով: Իր հերթին, Իսրայելը հենվելու է ամերիկյան ռազմական ներկայության վրա Պարսից ծոցում, Իրաքում և Աֆղանստանում Իրանի շուրջ ռազմական հենակետեր ունենալու համար: Իսրայելը փորձելու է կարգավորել հարաբերությունները Ծոցի արաբական միապետությունների հետ, որոնց անհանգստացնում է շիական Իրանի աճող տարածաշրջանային ազդեցությունը:
Բացի այդ, Իսրայելը փորձելու է հարվածել նաև Իրանի «աքիլեսյան գարշապարին» ազգային, էթնիկական անջատողականությանը ադրբեջանական, բելուջական, արաբական, քրդական և այլն: Իրանի բալկանիզացիան էթնիկ-կրոնական սահմաններով մասնատումը բխում է Իսրայելի գեոպոլիտիկ շահերից:
Իրան-Իսրայել հարաբերությունները շախմատային պարտիա են հիշեցնում, որտեղ փոքր զիջումներով պետությունները ցանկանում են պաշտպանել իրենց պետականությունն ու հասնել մյուսի լիակատար պարտությանը:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments