top of page

Իրանն ու Իսրայելը միմյանց դեմ ռազմաքաղաքական կոալիցիաներ են ձևավորում

  • Oct 13, 2021
  • 1 min read


Իսրայելը կշարունակի գործողություններ ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական ներկայությունը նվազեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:


Իսրայելը շարունակում է Իրանը դիտարկել որպես թիվ մեկ ռազմավարական հակառակորդ և անվտանգության սպառնալիք: Հրեական պետության շուրջ Իրանը ձևավորել է ռազմական պլացդարմներ՝ Լիբանանի հարավում՝ ի դեմս Հզբոլահ շարժման, Սիրիայում՝ հենվելով Բաշար Ասադի իշխանության վրա, Գազայի հատվածում՝ զինելով ՀԱՄԱՍ-ը:


Նշենք, որ Իրանը փորձում է Իսրայելը վերածել «պաշարված ամրոցի»՝ Իսրայելի սահմանների երկայնքով ստեղծելով իրանական ռազմաքաղաքական պլացդարմներ: Իր հերթին, Իսրայելն Իրանի շուրջ է փորձում ստեղծել կոալիցիաներ՝ իրանական գեոպոլիտիկ դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում սահմանափակելու համար:


Իսրայելը Հարավային Կովկասում հենվում է Ադրբեջանի վրա՝ որպես Իրանի դեմ հնարավոր գործողությունների պլացդարմ: Ադրբեջան-Իսրայել ռազմաքաղաքական դաշինքը Թեհրանի համար սպառնալիք է և մարտահրավեր: Բացի այդ, Իսրայելը փորձում է սերտացնել կապերը Պարսից ծոցի միապետությունների հետ․ շիական ազդեցության մեծացումն անհանգստացնում է նաև Ծոցի սուննիական միապետություններին: Այս առումով Իսրայելի և Ծոցի միապետությունների շահերն Իրանին զսպելու տեսանկյունից համընկնում են:


Իսրայելը ԱՄՆ-ի, Արևմուտքի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցն է տարածաշրջանում: Մեծ Մերձավոր Արևելքում իրանական դիրքերի թուլացումն այդ առումով բխում է Իսրայելի և Արևմուտքի երկարաժամկետ շահերից: Իսրայելը ժամանակ առ ժամանակ հարվածում է Սիրիայում իրանական ռազմական օբյեկտներին՝ տարիներ շարունակ կանխարգելիչ հարվածներ իրականացնելով նաև Լիբանանի հարավում՝ Հզբոլահ իրանամետ, շիական կազմակերպության դեմ:


Այսպիսով, Իրանն ու Իսրայելը միմյանց դեմ կոալիցիաներ են ձևավորում՝ այս պահին խուսափելով ուղիղ ռազմական բախումներից: Իսրայելն Իրանի դեմ կարող է օգտագործել նաև Իրանի ներսում անջատողական շարժումները՝ ադրբեջանական, քրդական, արաբական և այլն, իսկ Իրանը կարող է փորձել աջակցել Իսրայելում գործող տարբեր արաբական ծայրահեղական շարժումներին ու շահարկել պաղեստինցիների գործոնը:



Արտյոմ Բալասանով

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page