Իշխանական սազանդարը
- Dec 12, 2021
- 1 min read

Քաղաքականությունն, անխոս, հնարավորի արվեստ է, սակայն հայ քաղաքական փոխակերպված դաշտում պարբերաբար իրականացվող իշխանական բեմականացումների արդյունքում Հայաստանը ստացել է հայտնի առասպելական կենտավրոսի տեսքը՝ անհասկանալի կիսամարդ-կիսաձիու տեսքով: Հայ հավաքական քաղաքական միտքը վերծավել է բովանդակազուրկ և ամայի մի խառնարանի, որտեղ չկա համազգային նշանակության որևէ կոնցեպտ:
Այս ամենը պատահականություն կամ ընդամենը անկարողություն բնութագրելը միամտության նշան է: Այս թշվառ իրողությամբ պայմանավորված՝ Հայաստանը ծածկվեց կոնկրետ անձանց կոնկրետ գործողությունների ծխածածկույթի ներքո:
Անկախ այն հանգամանքներից, թե իրավական ինչպիսի պահանջներ են սահմանված որևէ պաշտոն զբաղեցնելու համար, համաձայն օրենքի, պաշտոնյաները պետք է առանձնանան ազնվությամբ և բարեխղճությամբ:
Պառլամենտական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, բարեխիղճ և ազնվագույն պաշտոնյայի «բացառիկ» օրինակ է: Վերջինս 3-4 տարվա ընթացքում կարողացավ 3 կուսակցության անդամագրվել՝ թողնելով իր «անջնջելի» հետքն ամենուր: Սկզբում Կոնջորյանը հանդիսանում էր ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը, շատ չանցած՝ նա հայտնի դարձավ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր, իսկ 2018-ին վերցրած ուղղությունը կռահելը բնավ բարդ չէր: Ներկայում Կոնջորյանն ամբողջությամբ ստանձնել է Արցախը կործանած, իսկ Հայաստանը՝ աղետի շեմին հասցրած խմբակի պալատական սազանդարի դեր: Փաստորեն, ահա այսպիսի սեղմ ժամկետում էլ է հնարավոր դառնալ իշխանական ազդեցիկ և առանցքային գործիչ, սակայն խիստ մտահոգիչ է այն հարցի պատասխանը, թե այս ամենն ինչպիսի օրինակ կհանդիսանա գալիք սերունդների համար:
Նշենք նաև, որ Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, իսկ թե ինչպիսի համոզմունքներով և խղճով է առաջնորդվում Կոնջորյանը, թողնում ենք մեր ընթերցողների հայեցողությանը:
Comments