top of page

Իսրայելի հարվածն Իրանին բացելու է «պանդորայի արկղը» Մեծ Մերձավոր Արևելքում

  • Oct 26, 2021
  • 2 min read

ree

Իսրայելական ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտնում է Times of Israel-ը:


Իսրայել-Իրան հակասությունները սրվում են, ինչը պայմանավորված է Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով՝շիական գործոնի ուժեղացմամբ, Սիրիայում, Լիբանանում իրանական ռազմա-քաղաքական ներկայությամբ, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրով: Իսրայելը չի ցանկանում տեսնել միջուկային տերություն Իրան, որն ազգային անվտանգության սպառնալիք է ընկալվում Թել-Ավիվում:


Իսրայելն ու Արևմուտքը, որպես դաշնակիցներ միասնական ճակատով են պայքարելու Իրանի դեմ: Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը կարող է լինել նաև արտահոսք՝կարծիքներ ստուգելու, Իրանի հնարավոր արձագանքը հասկանալու համար:


Ցանկացած ռազմական հարվածի մասին տեղեկություն գաղտնի է պահվում հնարավորինս երկար, իսկ նմանատիպ տեղեկությունների տարածումը նպատակ ունի նախ զգուշացնել հակառակորդին, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացումներին, ինչպես նաև ստուգելու դաշնակիցների և այլ խաղացողների արձագանքը՝արդյոք նրանք պատրաստ են աջակցել Իսրայելին, թե կանգնելու են Իրանի կողքին: Դա վերաբերվում է նաև արաբական, մահմեդական աշխարհին՝չմոռանանք, որ Իսրայելը շրջապատված է արաբական, մահմեդական երկրներով:


Հիշեցնենք, որ Իսրայելն արդեն մեկ անգամ խաթարել է միջուկային զենք ստեղծելու մահմեդական երկրներից մեկի փորձերը: Խոսքը գնում է Իրաքի մասին: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի միջուկային ռեակտորին՝խաթարելով այդ արաբական երկրի միջուկային ծրագրերը:

Գործողությունը կրում էր «Օպերա» անվանումը և իրականացվել է 1981թ.-ին: Իսրայելական օդուժը հարվածել է Իրաքի «Օսիրակ» ռեակտորին:


Սակայն պետք է գիտակցել, որ Իրանն Իրաք չէ, Իրանն ունի հզոր զինված ուժեր, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Իսրայելի շուրջ ստեղծել է ռազմական հենակետեր: Սիրիայում, Լիբանանի հարավում՝ի դեմս Հզբոլահ շարժման, ինչպես նաև Գազայի հատվածում՝ի դեմս ՀԱՄԱՍ-ի, Իրանն ունի դաշնակիցներ, ովքեր Իրանին հարվածելու պարագայայում կարող են հազարավոր հրթիռներ ուղղել իսրայելական քաղաքների վրա: Իսրայելն ունի աշխարհի հզորագույն հատուկ ծառայություններն ու զինված ուժերը, սակայն Իրանին հարվածը կարող է բացել «պանդորայի արկղը»՝ Մեծ Մերձավոր Արևելքը տանելով դեպի նոր պատերազմների շղթա:


Եթե Արևմուտքը փորձի օգնել Իսրայելին (ամերիկյան զինուժ է տեղակայված Պարսից ծոցի արաբական երկրներում), ապա Իրանի համար Ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան, բրիտանական ուժերը դառնալու են թիրախ, այդ թվում՝ արաբական երկրների նավթագազային հզորությունները, ինչը հանգեցնելու է նաև էներգետիկ ճգնաժամի:


Այսպիսով, Իսրայել-Իրան ռազմական բախումը կարող է դառնալ լրջագույն ռազմա-քաղաքական սպառնալիք Մերձավոր Արևելքի համար, որտեղ առկա են աշխարհի բոլոր գերտերությունների շահերը: Գերտերությունները փորձելու են կանխել ուղիղ ռազմական բախումն Իրանի և Իսրայելի միջև՝իրանական միջուկային ծրագրի հարցը կարգավորելով բանակցություններով:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page