top of page

Թուրքիան հակադրվում է Իսրայելին՝ մահմեդական աշխարհի համակրանքը շահելու համար

  • May 19, 2021
  • 1 min read


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելապաղեստինյան հակամարտությունում Իսրայելին ԱՄՆ-ի աջակցության տրամադրումը:


Թուրքիայի նախագահն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում Իսրայելին:


Թուրքիայի կողմից հակաիսրայելական հայտարարությունները տեղավորվում են Անկարայի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ, որն իր մեջ ներառում է պանիսլամական և նեոօսմանական տարրերը: Թուրքիան ցանկանում է վերականգնել իր ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում՝ ժամանակ առ ժամանակ Անկարան խոսում է Երուսաղեմի նկատմամբ իր նկրտումների մասին ու աջակցում է պաղեստինյան ժողովրդին:


Բացի այդ, Թուրքիան փորձում է դառնալ սունիական աշխարհի կարևորագույն երկրներից մեկը՝ այդ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մոդերատորն ու Իսրայելին հակադրվելը՝ մահմեդական աշխարհը կամ արաբական փողոցն իր կողմ գրավելու լավագույն գրավականն է:


Realpolitik-ի տեսանկյունից, Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներն են, որոնց հիմնական թիրախն՝ Իրանն է և շիական աշխարհի ազդեցության ընդլայնումը: Թուրք-իսրայելական հակասությունները շատ հաճախ սահմանափակվում են միայն հայտարարություններով: Իրականում երկրներն ունեն ընդհանուր ռազմաքաղաքական, տնտեսական շահեր, այդ թվում Սիրիան կազմաքանդելու տեսանկյունից:


Սիրիան Իրանի ռազմավարական դաշնակիցն է և պլացդարմը Միջերկրական ծովի ափին: Թուրքիան բուֆերային գոտի է ստեղծել Սիրիայի հյուսիսում քրդական անջատողականությունն ու Մեծ Քրդստանի ստեղծումը վիժեցնելու համար: Իսկ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում գտնվող իրանական proxy ուժերին շիական զինված խմբավորումներին՝ Հզբոլահին կամ Իսլամական հեղափոխության պահապահանների գնդի (КСИР) ուժերին ու ռազմական լոգիստիկային:


Թուրք-իսրայելական հակասությունները չեն հանգեցնելու ուղիղ ռազմական բախման քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իսրայելն ԱՄՆ-ի դաշնակիցն է ու վայելում է հզոր հրեական աշխարհի և ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը: ԱՄՆ-ն նույնպես թույլ չի տա իր ռազմավարական դաշնակիցներին փոշիացնել ուժերը՝ միմյանց վրա հարձակվելով՝ գլխավոր թիրախն այս պարագայում Իրանն է և Մեծ Մերձավոր Արևելքում իրանական աշխարհի (pax iranica) ընդլայնումն ու հզորացումը թույլ չտալը:

Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page