Պաշտոնը հավիտենական չէ. հավիտենական է մարդը, հավիտենական է պատմությունը. բժիշկներ
- Jun 25, 2021
- 1 min read

Իզմիրլյան ԲԿ-ի անձնակազմն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել պետական մարմիններին.
«Ձեզ են դիմում Հայաստանի հանրապետության բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ:
Մասնագիտական գործունեության բերումով համոզված ենք, որ.
մարդու կյանքը գերակա արժեք պետք է լինի Հայաստանի հանրապետությունում,
մարդու կյանքի որակի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների:
Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է:
Երկար տարիներ տառապում է ծանր ինսուլինակախյալ շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդությունների պատճառով.
տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է,
սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է երեք մագիստրալ կորոնալ անոթների ստենտավորում,
երիկամների սուր մեխանիկական անբավարարության կապակցությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում, ապա կատարվել է քարափշրում:
Վերջին տաս օրվա ընթացքում, երիկամների սուր անբավարարության առանձին նշանների, սրտամկանի շարունակվող իշեմիայի, զարկերակային զգալի գերճնշման ախտանիշային ամոքող բուժումների զուգակցումով պրոֆեսոր Չարչյանը չի դադարեցրել զբաղվել կյանքի իմաստ դարձած իր սուրբ գործով, ամեն օր կատարել է բարդ վիրահատություններ:
Պրոֆեսոր Չարչյանը մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը: Նրա մարմինը ու հոգին այսօր օգնության կարիքն ունեն՝ Ձեր օգնության, Մեր օգնության: Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն:
Մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական Ձեր բոլոր վախերը չեն դառնալու իրականություն: Պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է: Դուք էլ էք համոզված, որ ոչնչով չի խոչընդոտելու, չի կարող խոչնդոտել ոչ մի քննչական գործողության:
Վերացրեք կալանքը, նպաստեք վերացնելու կալանքը: Պատմությունը Ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում-հորդորում-պահանջում ենք. Վերացրե՛ք կալանքը:
Պաշտոնը հավիտենական չէ: Հավիտենական է մարդը, հավիտենական է պատմությունը»:
Comments