Կառավարությունն այդպես էլ չի հստակեցնում՝ որքան գումար է ծախսվելու Անկախության տոնին
- Sep 16, 2021
- 1 min read

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ միջոցառման համար ՀՀ կառավարությունից գումար չի հատկացվել։ Այդ մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գործադիրից։
Նշենք՝ սեպտեմբերի 8-ից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն։ Դրանից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ խոստացված միջոցառման համար պետական բյուջեից ծախսվելու է մոտ 1 մլրդ դրամ (2 մլն դոլար)։
«Կառավարությունը «Դոմինո փրոդաքշն» ընկերությունից ստացել է միջոցառման անցկացման ծրագիր, որն արժանացել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»,- ասված է կառավարության պատասխանում։
Այդուամենայնիվ, կառավարության պատասխանում չի նշվում, թե կոնկրետ որքան գումար է ծախսվելու անկախության 30-ամյակի միջոցառումն անցկացնելու համար։
Մենք փորձեցինք նաև «Դոմինո փրոդաքշն»-ից պարզել, թե կոնկրետ ո՞ր միջազգային և տեղական կազմակերպուրթյուններն են գումար հատկացրել միջոցառումն անցկացնելու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Comments