Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պատերազմը իմ, ինչպես նաև շատերիս, կյանքը փոխեց։ Մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև պատերազմ և պատերազմից հետո։
Պատերազմի ողջ ընթացքում ցավը բթացել էր, նպատակս միայն ու միայն ամեն ինչ ժամանակին հասցնելն էր։ Չէի հասցնում մարսել ինֆորմացիան, որը գալիս ու գալիս էր, որը հույս չէր տալիս, բայց միևնույն է, չէի դադարում գնալ, գնալ, գնալ, որպեսզի հասցնեի ժամանակին։ Մթության մեջ մեքենայի լույսերն անջատած, մեծ արագությամբ ընթացքը ինձ չէր անհանգստացնում, քանի որ ուղիղ նշանառությամբ կրակի տակ եղածների կյանքն ավելի վտանգված էր ու ժամ առաջ իրենց պետք է հասցնել այն, ինչը կարող է թեկուզ մեկի կյանքը փրկի։
Վերջին անգամ, երբ դուրս էի գալիս Քարվաճառից, նկարվեցի ինձ այնքան հարազատ դարձած Եղեգնուտում։ Մտածեցի, պատերազմը ավարտվի նոր կհրապարակեմ նկարը, չէի ուզում տեղանքի մասին ակամայից ինֆո հրապարակել։
Պատերազմը չավարտվեց, ավարտվեց ակտիվ փուլը։ Նկարը չհրապարակեցի, քանի որ Աստծո հետ այդպես չէի պայման կապել, որ պետք է հայրենիքս հանձնեմ թշնամուս։
Չեմ հրապարակի այդ և մնացած նկարները, քանի դեռ ազատագրված չի լինի Քարվաճառը։
Պատերազմից հետո կյանքս այլ է դարձել։ Երբ բարձր ծիծաղում եմ, իսկույն բերանս փակում և աջ ու ձախ եմ նայում, կարծես թե վախենում եմ , զրնգուն ծիծաղս մեղք է» ։
Comments