«Ալիևին պետք է քարշ տանք միջազգային դատարաններ՝ ռազմական հանցագործության մեղադրանքով»․ փորձագետ
- May 29, 2021
- 1 min read

Բաքվի բռնապետը երեկ Ակնայում նոր բնակելի շենքի կառուցման հիմքն է դրել, որի ժամանակ հանդես է եկել երկար ճառով։ Տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո առաջին անգամ մինչև վերջ լսեցի բռնապետի ելույթը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը վախենում է ռազմական հանցագործության հնարավոր մեղադրանքից, և ինքն իրեն մատնել է, ասելով՝ մենք ռազմական հանցագործություն չենք գործել։
«Բաքվի բռնապետը մեր մասին խոսելիս երբեք չարտաբերեց հակառակորդ տերմինը, միայն ու միայն օկուպանտ, կամ թշնամի տերմինները, սա հայատյացության բացահայտ քարոզի մի մասն է։ Նաև ակնհայտ նկատելի է 1915 թ․-ի գործելաոճը և հռետորաբանությունը։ Այն ժամանակ թուրքերը հայերին սպանելն արդարացնում էին իրենց դավաճանելու փաստով, Ալիևը երեկ գրեթե բառացի կրկնեց այդ նույն թեզը։
Ալիևը Հայաստանին համարել է ֆաշիստական պետություն և հայտարարել, որ բոլոր ֆաշիստների վերջը կտա Ադրբեջանը, այդ թվում նաև հայերի։ Բաքվի բռնապետի խոսքը ծայրից ծայր հայատյացություն է, և հետագա գործողությունները արդարացնող ինչ-որ բարբաջանքներ։ Բաքվի բռնապետին օր առաջ պետք է քարշ տանք միջազգային դատարաններ՝ ռազմական հանցագործության մեղադրանքով, այլապես իր առջև վառված կանաչ լույսն անգամ չի կարող թարթել»,- նշել է փորձագետը։
Comments