Սեպտեմբերի 21-ին կգամ մեր զավակների շիրիմի առաջ երդվելու՝ հետ կբերենք անկախությունը․ զոհվածի մայր

Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությն համահիմնադիր Կարին Տոնոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Մենուա, հիշում ես, երբ Սարդուրը 2 տարեկան էր, մի օր ասացիր՝ անընդհատ բարձրանում է պահարանների վրա, մայր, ի՞նչ անեմ: Ասացի՝ ուշադիր եղիր, բայց բարձրունքի ձգտումը զավակիդ մեջ չկոտրես։
Քեզ էլ էի սովորեցրել միայն բարձրունքների ձգտել, բայց չհասկացա, որ հերթական բարձունքը դավադիր էր, Մեն, որ սողունների ու կրծողների դավադիր պատերազմի բարձունքները մահաշունչ էին, չհասկացա, Մեն, չհասկացա։ Գիտեմ, ներում չունեմ, ինքնաներում չունեմ։ Ուրեմն ճանապարհս մեկն է՝ անաղոք կռիվ պիտի տամ քո չնվաճած բարձունքները հետ բերելով քեզ հասնելու համար։
Քո անկախությունը բացարձակ էր, Մեն, Հայաստանից խլված անկախության համար պայքարն էլ պիտի բացարձակ լինի։ Խոստանում եմ:
Սեպտեմբերի 21-ին ժամը 18.00 ես կգամ քո շիրիմի, մեր բոլոր զավակների շիրիմի առաջ երդվելու, որ հետ կբերենք այդ անկախությունը։
Այդ օրը կգան բոլոր հայերը, անհոգ եղիր, մեզ մենակ չեն թողնի»։
Comments