top of page

Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին. «News.am»

  • May 7, 2021
  • 1 min read


ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ:


ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը:


Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը:


Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը:


Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»:


Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page