Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն. ՀՀ նախագահ
- Jun 6, 2021
- 1 min read

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է: Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են:
«Նախ և առաջ, պատերազմը ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն։ Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Վստահ եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար: Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար:
Ցանկացած հայ Հայաստանը, Արցախը սիրում է իր ընտանիքի, իր երեխաների, իր ծնողների նման։ Դուք շատ կարևոր բան ասացիք, որ շատ կուզենաք, որ Հայաստանն էլ ձեզ սիրի։ Սա շատ խորը իմաստ ունի՝ այսինքն, մենք դառնանք մեկ ընտանիք, երբեք իրարից բաժանված չլինենք, երբեք պատ չլինի մեր միջև։ Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք»,- հայտնել է ՀՀ նախագահը։
Commentaires