Գիշերը կրկին կրակոցներ են հնչել Շուշիի կողմից. Մետաքսե Հակոբյան
Երեկ գիշեր` ժամը 22-ից հետո Շուշիի կողմից ուժգին կրակոցներ են լսվել, հակառակորդը կրակել է տարբեր տեսակի զինատեսակներից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Դրանք սովորական ավտոմատի կրակոցներ չէին, հակառակորդը տարբեր տեսակի զինատեսակներ է օգտագործել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` կրակոցները դադարել են ռուս խաղաղապահների միջամտությունից հետո:
«Ադրբեջանցիների նման սադրանքները հիմնականում ավարտվում են, երբ ռուս խաղաղապահները միջամտում են, ռուս խաղաղապահներն են նման դեպքերում բանակցություններ վարում: Հայկական կողմը չի պատասխանում հակառակորդի սադրանքներին, դիմում են ռուս խաղաղպահներին, նրանց միջամտությամբ էլ կրակոցները դադարում են»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ կրակոցներն արդեն սովորական են դարձել, բնակիչներն են հարմարվել են իրավիճակին։
«Մեզ ավելի պետք է անհանգստացնի այն, որ կամաց-կամաց սկսում ենք հարմարվել այս իրողությանը, ոչ թե կրակոցները: Սա հենց այս իշխանության ցանկությունն է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Commentaires