Լոռու մարզում թունավոր տարրերն իրական սպառնալիք են ներկայացնում տեղի բնակիչների համար
- Oct 1, 2021
- 1 min read

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ն հայաստանյան «Համայնքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ միասին ներկայացրել են 2021 թ-ին իրականացրած հետազոտության առաջին արդյունքները՝ կապված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Էկոլուր»-ը:
Արդյունքները ստացվել են Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծություններից:
Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և արդյունաբերական թափոնների լցակույտերը հանքարդյունաբերական «Սագամար» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների օբյեկտներն են: Այս օբյեկտներից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ: Արդեն հայտնի են սենյակային փոշու, հողի և գետի նստվածքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները:
«Լոռու մարզում հայտնաբերվել է ևս մեկ տարածք, որտեղ մկնդեղը և այլ թունավոր տարրերն իրական սպառնալիք են ներկայացնում այնտեղ բնակվող մարդկանց, նրանց գյուղատնտեսական գործունեության և զարգացման համար», - նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Հետազոտություններն իրականացվում են չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:
Comments