top of page

Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին

  • Aug 16, 2021
  • 2 min read


Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ ԱԺ տարածք ազատ է՝ ՀՀ ԱԺ ութերոդ գումարման արտահերթ նստաշրջանները (այդ թվում՝ սույն թվականի օգոստոսի 17-ին գումարվելիք) լուսաբանելու համար։

Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից՝ էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանելով «Պանորամա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյանի դիմումին։

Նշենք, որ Panorama.am կայքի հիմնադիր ընկերության ներկայացուցիչն օգոստոսի 11-ին դիմում էր ներկայացրել ԱԺ աշխատակազմ` ընդգծելով, որ Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելու որոշումը ակնհայտորեն ոչ իրավաչափ է, հակասում է վարչարարության հիմնարար սկզբունքներին։

«Այն ակնհայտորեն խախտում է իմ վստահորդ կազմակերպության իրավունքներն ու ազատությունները, ինչով պայմանավորված դիմում ենք Ձեզ՝ խնդրելով վերացնել նախկինում Լիլիան Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները և վերականգնել վերջինիս հավատարմագրումը՝ թույլատրելով նրան այսուհետ մուտք գործել Աժ տարածք ու իրականացնել մասնագիտական պարտականությունները»,-ասված էր ԱԺ աշխատակազմին ուղղված դիմումի մեջ։

«Պանորմա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյանն ԱԺ-ին նաև տեղեկացրել էր, որ չեն պահպանվել լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջները, ինչով պայմանավորված խախտվել են «Պանորամա.էյ.էմ» ընկերության իրավունքներն ու ազատությունները։

«Ուստի ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում հայտնել, որ Ձեր կողմից Լիլիան Գալստյանի հավատարմագրման վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել օրենսդրական իրավակարգավորումների կոպիտ խախտմամբ, որպիսի պայմաններում նրա հավատարմագրումը ենթակա է վերականգնման»,-նշել էր փաստաբանը ԱԺ-ին ուղղված նամակում։

Փաստաբանը դիմում նշել էր նաև ԱԺ կողմից Panorama.am-ի նկատմամբ խտրական մոտեցման մասին, հիշեցրել դրա արգելման սկզբունքը։

«ԱԺ աշխատակազմի կողմից կիրառվել է բացառապես անթույլատրելի տարբերակված մոտեցում»,-նշված է դիմումում։


Panorama.am-ը շնորհակալություն է հայտնում բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք անդրադարձան, բարձրաձայնեցին խմբագրության լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելու մասին որոշման մասին, այն լրագրողներին ու քաղաքացիներին, որոնք հայտարարեցին «Ես Լիլիանն եմ», լրագրողական կազմակերպություններին, որոնք դատապարտեցին տեղի ունեցածն ու լրագրողի մուտքի արգելքն անհապաղ չեղարկելու կոչով հանդես եկան, մամուլի ազատության փորձագետներին, որոնք օբյեկտիվ գնահատական տվեցին ԱԺ աշխատակազմի որոշմանը, մտահոգություն հայտնեցին կատարվածի վերաբերյալ, ահազանգեցին դրա հնարավոր հետևանքների մասին, իրավաբաններին, որոնք հրապարակային կերպով հայտարարեցին ու փաստեցին, որ տեղի ունեցածն անօրինականություն է, Հայաստանի Ժուռնալիստների միությանը, ով Հայաստանում գործող դեսպանատների ուշադրությունը հրավիրեց փաստին, ՄԻՊ Արման Թաթոյանին, որն ընդգծեց, լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս, քաղաքական գործիչներին, որոնք խոսեցին մամուլի ազատության օգտին։ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։


Մինչ այսօր Panorama.am-ը որպես ԱԺ աշխատակազմի որոշման դեմ բողոքի նշան ԱԺ գործունեությն վերաբերյալ նյութերին կցում էր առանց պատկեր լուսանկարներ։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page