Լուսինե Ավետյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում․ փաստաբան

Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի գործող դատական նիստը ընդմիջվել է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Իրավաչափության դեմ բողոքը միացվեց կալանքի միջնորդությանը, քանի որ քննիչը կալանքի միջնորդությունը միաժամանակ բերեց, թեև պաշտպանական կողմը գտնում էր, որ պետք է առանձին քննվի, այնուամենայնիվ միացվեցին և համատեղ քննարկում իրականացվեց, և քանի որ պաշտպանական կողմը ծանոթ չէր կալանքի միջնորդության հիմքում դրված փաստական տվյալներին, պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դրանց հետ ծաոթանալու համար, ուստի վաղը շարունակելու ենք նիստը՝ համապատասխան նյութերին ծանոթանալուց հետո»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ Լուսինե Ավետյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել և փաստարկված կերպով հերքել է իրեն վերագրվող հանցագործությունները․ «Լուսինե Ավետյանն օժտված չէր այնպիսի լիազորություններով, որպեսզի կարողանար որևէ մեկին դրամական օգնություն տար և այլն, նա ինքնուրույն համայնքի ղեկավար չի հանդիսանում, այլ Գորիս համայնքի մեջ մտնող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն է, և այսպիսի պայմաններում և փաստացի, և իրավաբանորեն նա կապ չունի այդ ամենի հետ»։
Հարցին, թե արդյոք սա քաղաքակա հետապնդում է փաստաբանը պատասխանեց․ «Ես կարող եմ սա բնորոշել որպես ապօրինի քրեական հետապնդում»:
Comentários