Մակունցը կարծում է՝ գործարարները ԱԺ-ում կհայտնվեն «օրենքի տառին համապատասխան, այլ ոչ՝ նախկինի պես»
- May 26, 2021
- 1 min read

«ՀՀ-ում փոքր կրպակից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ այն բոլոր դեպքերի համար, երբ այդ մարդիկ հայտ են ներկայացնում՝ քաղաքականությամբ զբաղվելու, ՀՀ-ն նախատեսում է կարգավորման եղանակներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով որոշ գործարարների՝ «ՔՊ» ցուցակում ներգրավվելու մասին։ Նրա խոսքով, այդ մարդկանց չի արգելվում քաղաքականությամբ զբաղվել, այլ արգելվում է համատեղել բիզնեսն ու քաղաքականությունը։
Ըստ Լիլիթ Մակունցի, այն բոլոր դեպքերում, երբ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ։ Հարցին, թե Խաչատուր Սուքրասյանն ու Գուրեն Արսենյանը խոստացել են բիզնեսմենից խոշոր սեփականատե՞ր դառնալ, Լլիլիթ Մակունցը պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցին պատասխանելն իր դաշտում չէ։
Դիտարկմանը, որ այն հիմնավորումը, որ ներկայացրեց ինքը, տարիներ շարունակ ներկայացնում էին մյուս քաղաքական ուժերը, որոնց շարքում կային գործարարներ, որ պնդում էին, թե իրենց բիզնեսները տրվել են կառավարման, Լիլիթ Մակունցն արձագանքեց․ «Այն արատավոր երևույթները, որ եղել են ՀՀ-ում, եղել են քաղաքական կամքի բացակայության հետևանքով։ Եթե որևէ բան արգելված չէ, ապա օրենքից դուրս խոսել պետք է։ Այն ժամանակ օրենքը չէր գործում և դրսևորվում էին արատավոր երևույթներ, իսկ հիմա օրենքի տառին համապատասխան է ամեն բան արվելու»։ Նա վստահություն հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերում տարբեր ծավալի գործարարներ կլինեն, որոնց նույնպես կվերաբերի օրենքը։
Այն նկատառմանը, թե այդ քաղաքական ուժերը «հեղափոխություն» չեն արել և խոստումներ չեն տվել, թե բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ ասելով՝ այո՛, բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի։ «Այո՛, մենք պնդում ենք, որ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնողները չեն կարող զբաղվել բիզնեսով»,- կարծիք հայտնեց նա։
Aa
Comments