Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 ամուսնության գրանցում
- May 17, 2021
- 1 min read

Քաղաքացիները մեծ ոգևորությամբ են օգտվում ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ ամսվա կտրվածքով 30-ից ավելի ամուսնություն է գրանցվում համալիրում:
«Համալիրում հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցման հնարավորությունը, կարծում ենք, արդյունավետ է, և բնակչության շրջանում կա պահանջարկ: Մեր նպատակն է քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցել, ինչը կգոհացնի նրանց»,-ասաց Վահե Դանիելյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ, կախված պահանջարկից, ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր կատարելու պայմաններ կստեղծվեն նաև այլ քաղաքներում:
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան, 3), յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում։
Comments