Մարզերում իշխանությունը պայքարում է ինքն իր դեմ․ «Փաստ»
- Jun 8, 2021
- 1 min read

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։
Իշխանության տեղական «համակարգողները» փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ և ամեն ինչ անում են «վերևներին» տպավորելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել։
Արդյունքում, ներքին «մրցակցությունը» որոշ տեղերում վերածվել է յուրատեսակ պայքարի: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ անգամ իրարից թաքցնում են ցուցակները։
Ըստ հավաստի աղբյուրների, որոշ համայնքներում նույնիսկ կոնֆլիկտներ են եղել այս հողի վրա: Հարցն այն է, որ առանց այն էլ իշխանական ուժի ներկայացուցիչները հազիվ են մարդ գտնում, որ պատրաստ կլինի ՔՊ-ին ձայն տալ, ուստի վերոհիշյալ մրցակցությունն ավելի է թեժանում»:
Comments