Մեր քաղաքացիները խելացի են, եթե նրանց ստիպողաբար ինչ-որ բանի դրդեն, չի ստացվի․ Դավիթ Համբարձումյան
- Nov 3, 2021
- 1 min read

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ինչպես արդեն հայտնել ենք, Մասիսում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է Սայեն Հայրապետյանը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը, որի ցուցակում առաջինը Մասիսի ներկա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։
MediaHub.am-ի հետ զրույցում Դավիթ Համբարձումյանն ասաց, որ հաղթելու շանսերը բարձր է գնահատում։
Անդրադառնալով իր դեմ իրականացվող իրավական գործընթացներին և հնարավոր նոր քաղաքական հետապնդման դրսևորումներին՝ Համբարձումյանը նշեց․
«Չեմ ուզում գուշակություններ անել, բայց ես պատրաստ եմ նման սցենարների, և այդ ուղղությամբ արդեն քայլեր նկատվում են, բայց չեմ կարծում, որ դա նրանց օգուտ է տալու»։
Համբարձումյանը նշեց, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձանց զանգում ասում են՝ կա՛մ դուրս եք գալիս ցուցակից, կա՛մ կորցնում եք ձեր աշխատանքը։
«Այս պահին նման 4 ահազանգ ունենք։ Ես ասում եմ՝ ովքեր վախենում են իրենց աշխատանքի համար, կարող են դուրս գալ ցուցակից, չեմ կարծում, որ դա մեզ կխանգարի։ Ովքեր էլ ուզում են շարունակել, իրենց կամքն է՝ մնում են մեզ հետ։ Մեր քաղաքացիները խելացի մարդիկ են, եթե նրանց ստիպողաբար ինչ-որ բանի դրդեն, չի ստացվի»,- ասաց Համբարձումյանը։
Արմինե Նավոյան
Comments