top of page

Միլիարդներ՝ առանց մրցույթի․ որ ընկերություններն են Սյունիքում ճանապարհներ վերակառուցում

  • Aug 13, 2021
  • 2 min read

Updated: Aug 18, 2021



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ։


Մասնավորապես, Տաթև-Աղվանի (Մ2) ճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Ոսմար» ՍՊԸ-ի հետ։ Այս գործարքի արժեքը կազմում է 2 մլրդ 786 մլն դրամ, որից 557 200 000 դրամը մուծվել է որպես կանխավճար։


Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմի հետևանքով Արցախից տարածքներ հանձնելու հանգամանքով, քանի որ նախկին՝ Տաթևը Կապանին կապող ճանապարհն այժմ անվտանգ չի համարվում և իշխանությունները, որպես շրջանցիկ ճանապարհ, ընտրել են Աղվանիով անցնող ուղին։



«Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թ-ին, ունի 3 բաժնետեր։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 % բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 %-ը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 %-ը՝ կնոջ եղբորը՝ Արթուր Մարտիրոսյանին։ Ընկերության անունն առաջացել է բաժնետերերի ազգանունների առաջին վանկերն իրար միացնելով։ Ընկերությունն ունի նաև Քաշաթաղի մասնաճյուղ։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար «Ոսմար» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Համաձայն այս պայմանագրի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն վերակառուցելու է ճանապարհի 95%-ը, իսկ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն՝ 5%-ը։


ՏԿԵ նախարարությունը պայմանագիր է կնքել «Ապառաժ» ՍՊԸ-ի հետ՝ Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի հիմնանորոգման համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 095 411 605 դրամ, որից 182 568 601 դրամը վճարվել է նախապես։


«Ապառաժ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է «ՎԱՆԴ-ՍԱ» ընկերությանը, իսկ «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ն՝ Սլավիկ Ավետիսյանին և Գառնիկ Ներսիսյանին՝ հավասար չափաբաժնով։


Տաթև-Աղվանի ավտոճանապարհի մի մասի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Պայմանագրի համաձայն՝ ՏԿԵ նախարարությունը նշված ճանապարհահատվածը հիմնանորոգելու համար ընկերությանը վճարել է 1 մլրդ 220 մլն դրամ։


«Քարավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թ-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։


«Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։

Նշենք, որ այս ընկերությունների հետ պայմանագիր կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու։


Արմինե Նավոյան






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page