top of page

Ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ

  • Jun 8, 2021
  • 1 min read


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը:


Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները:


Մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն կամ այլ խոչընդոտ վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլև բացասական է ազդում հասարակության տեղեկացված լինելու, կարծիքի արտահայտման և այլ իրավունքների վրա:


Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ կարծիքի արտահայտման և խոսքի ազատության ամուր պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի հիմնարար նշանակություն: Դա հատկապես կարևոր է ընտրական գործընթացներում:


Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի և որոշումների կայացման գործընթացներում` իբրև հանրային վերահսկող դիտորդներ (watchdogs) հանդես գալու և տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով:


Յուրաքանչյուր հանրային գործիչ պետք է նկատի ունենա, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ընտրողական մոտեցում կամ հրապարակային թիրախավորումը բացասական ազդեցություն է ունենում հասարակությունում, այդ թվում` սոցիալական ցանցերում և հանգեցնում է լրագրողի համար բացասական իմաստով նոր թիրախավորման և խոչընդոտների աշխատանքում։


Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին խնդրում է իրենց աշխատանքի մասնագիտական ցանկացած խոչընդոտի դեպքով դիմել Պաշտպանի աշխատակազմ, այդ թվում` թեժ գծի 116 համարին: Յուրաքանչյուր դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` Պաշտպանի իրավասության սահմաններում»։


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page