top of page

ՄԻՊ-ը արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ

  • Jun 17, 2021
  • 2 min read

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.


Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:


Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:

Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:

Հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել:


Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխաների լավագույն շահերով, երեխաների անվտանգության, ծնողների, խնամակալների, ուսումնական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:


Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։


Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page