ՄԻՊ անձնակազմը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է արձանագրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ: Անկախ քննության են ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:
Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի 18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:
Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:
Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:
Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:
Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:
Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով:
Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը»:
留言