Ադրբեջանցիները Սյունիքում հարվածել են հովվին, հափշտակել նրա իրերը, գողացել անասուններին. ՄԻՊ
- Jun 2, 2021
- 2 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների իրավունքները կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են:
Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում:
Դեպքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի արոտավայրում, իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում, մոտեցել են ադրբեջանական զինված մի քանի ծառայող:
Սկզբում ձեռքով հարվածել և ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը:
Այնուհետև, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլևս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում և իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին:
Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ինչպես վերը նշվեց, 42-ից վերադարձվել է 37-ը, 2 ձին և հեռախոսը, իսկ 5 ցուլչեն վերադարձրել:
Դրանից հետո 2 ցուլը փախել-վերադարձել են՝ չնայած ադրբեջանական զինծառայողները փորձել են թույլ չտալ, իսկ 3 ցուլն այդպես էլ չեն վերադարձվել:
Նշված դեպքից բացի, մայիսի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի և գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաև զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքներ են տվել նաև գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով:
Նշված տեղեկությունները ստուգվել են և հաստատվել են Արավուսի բնակիչների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Արավուսի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զբաղեցրել են 64 հա ՀՀ մաս կազմող արոտավայրի ու խոտհարքի տարածք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները»:
Comments