Հ1-ը և «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով
- Jun 13, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձևակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային բողոքի՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ:
Մյուս կողմից, Մարդու իրավունքների պաշտպանին առանձին բողոքով դիմել է նախընտրական քարոզարշավի մասնակից «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք և զրպարտություն:
Նշված հարցերի հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում:
«Պատիվ ունեմ» դաշինքի կոնկրետ դիմումի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը»։
Comments