Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելը պետք է դադարեցնել. ՄԻՊ
- Jun 12, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով: Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):
Կոչ եմ անում դադարեցնել այս արատավոր երևույթը, իսկ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից»։
Kommentare