top of page

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով․ Միրզոյան

  • Aug 31, 2021
  • 1 min read



2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Այդ մասին այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն Բաքվի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների խախտումը, ինչպես նաև Հայաստանից տարածքային կեղծ պահանջները, ադրբեջանական իշխանության ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության ու կայունության ռազմավարությանը»,- նշեց նա։


Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները համընկնում են․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը դեռևս մնում է բաց։


«Մենք շարունակում ենք կարծել, որ հարցի լուծումը և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Այդ կարգավորման հիմքում պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Տարածաշրջանի վերականգնման հարցում չպետք է սահմանափակվի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, մարդասիրական օգնության հասանելիությունը Արցախ չպետք է քաղաքականացվի, քանի որ խոսքը մարդու իրավունքների մասին է»,- նկատեց Միրզոյանը։


ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ սուր է նաև ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։


«Դիտարկելով տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման՝ պետք է նշել, որ այն կարող է փոխել տարածաշրջանի ներկապնակը, դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը»,- ասել է նա։


Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ ռուս գործընկերոջ հետ արտաքին քաղաքականության կոնտեքստում անդրադարձել են ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page