Նիկոլն ու Գռզոն «հաքել են».
Մեկնաբանելով Դատախազության կողմից «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության դատական կարգով վիճարկման փաստը՝ այլայլված Գռզոն լրագրողների հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել ու վստահեցրել, որ այն լուրերը, ըստ որոնց՝ ինքն այդ շենքը մի քանի հազար դոլարով է ձեռք բերել, սուտ է. շենքի տեղը ժամանկին եղել է մի պատ, որը հետո Գռզոյի ջանքերով թանթանաների է վերածվել: «Ի՞նչ կապ ունի էդ պատը և «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցված է»,-բորբոքվել է Գռզոն ու վստահեցրել, որ բացառված է, որ Նիկոլի հետ քննարկում ունենա. դա կնշանակի, որ հաջորդ օրվանից ինքը Խաչատուր Սուքիասյանը չէ:
Գռզոն, իհարկե, տհաճ վիճակում է հայտնվել՝ ստիպված լինելով ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել՝ ով է ինքը, իսկ ով՝ Նիկոլը: Բայց այստեղ ուշագրավը ոչ այնքան Գռզոյի պատի պատմությունն է, այսինքն՝ այն, թե սկզբից պա՞տն է եղել, թե՞ Գռզոն, այլ՝ այն, թե ինչո՞ւ է Վարդապետյան Աննան Գռզոյի «գյամերը քաշել»:
Նիկոլի Հայաստանն իրավական պետություն չէ, և առնվազը աններելի միամտություն կլիներ կարծելը, թե Վարդապետյան Աննան երկրում արդարության մթնոլորտի հաստատման անաչառ սկզբունքից ելնելով է, որ որոշել է փորփրել Գռզոյի մութ անցյալը: Տվյալ պարագայում անտեղի է նույնիսկ խոսել էժան փիառի մասին ու պնդել, թե այս քայլով Նիկոլը կամ Վարդապետյան Աննան իբր ինքնափիառվում են՝ ի ցույց դնելու իրենց անկաշառությունն ու օրենքի առաջ բոլորին հավասար դարձնելու մղումը. Գռզոյի կալիբրը թույլ չի տալիս:
Մեծ է հավանականությունը, որ այս քայլով Նիկոլը փորձում է լուծել քաղաքական խնդիր ու ցույց տալ Գռզոյին՝ որը որից հետո է: Ենթադրելի է, որ Նիկոլն էլ է արդեն սկսում նեղվել Գռզոյի մեծացող ազդեցությունից՝ հասկանալով, որ նման տեմպերով շուտով ինքը կարող է դառնալ ուղղակի «մեխի գլուխ»: Վարդապետյան Աննային քոքելով Գռզոյի դեմ՝ վերջինիս, ըստ էության, հասկացնում է, որ միակ ինքնիշխանն է այս երկրում, ու եթե նույնիսկ Խաչատուրն Աննայի սրտի օլիգարխն էլ է, ապա կան կարմիր գծեր, որոնք նա չպետք է հատի: Իհարկե, առանձին հարց է այն, թե կոնկրետ որո՞նք են այդ կարմիր գծերը՝ հաշվի առնելով հնարավոր դետալային նրբությունները:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Գռզոն չի արդարացրել Նիկոլի ինչ-ինչ փողային ակնկալիքներ: Հնարավոր է՝ կա՛մ ինչ-որ բանից փայ չի հանել կամ խոստացել ու չի տվել, և հիմա Նիկոլը, խրելով կռիսականը, Գռզոյին հիշեցնում է՝ ով է իսկական շեֆը, ով՝ վիրտուալը:
Սպասենք զարգացումներին…
Comments