top of page

Իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին. Փաշինյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

  • Jul 5, 2021
  • 1 min read


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.


«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,


Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:


Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:


Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:


Խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով»:

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page