Մանե Թանդիլյանը նոր կուսակցություն է հիմնել
- Aug 16, 2021
- 2 min read

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել։ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։
Կուսակցության հիմնադիրներն են Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։ «Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ապրելու երկիր կառուցելու համար», - նշել Մեսրոպ Առաքելյանը։ Առաքելյանն անդրադարձել է կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին. «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։ Մեսրոպ Առաքելյանի հավաստմամբ՝ այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և գործունակությունը։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է. «Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»։ Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորել է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ «Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվել է կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընրություն։ Կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը։
Comments